ԱՄՆ իշխանությունները հայտնել են, թե որ դեպքում կչեղարկվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը

ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության դադարեցման, ինչպես նաև հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության վերականգնման դեպքում Ռուսաստանի Դաշնության դեմ բազմաթիվ պատժամիջոցներ կչեղարկվեն։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Ես վստահեցնում եմ, որ պատժամիջոցները մշտական ​​բնույթ չեն կրում: Դրանք գործիք են, և եթե տեսնենք այն արդյունքները, որին փորձում ենք հասնել՝ ռուսական ագրեսիայի դադարեցումը, Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը, ապա շատ գործիքներ, որոնք մենք այսօր օգտագործում ենք կդադարենք կիրառել»,- ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել