Խարկովի մոտ Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են փախստականների ավտոշարասյունը, չորս մարդ զոհվել է: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այսօր Խարկովի ուղղությամբ ուկրաինական կողմը հերթական անգամ կրակել է մարդասիրական միջանցքով դեպի Ռուսաստան շարժվող փախստականների ավտոբուսների շարասյան վրա, ինչի հետևանքով չորս մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է»,- ասել է նա։
Միզինցևը պահանջել է ուկրաինական կողմից խստորեն պահպանել բոլոր պայմանները՝ բոլոր ուղղություններով մարդասիրական միջանցքների անվտանգությունն ապահովելու համար։
Գեներալ-գնդապետը հավելել է, որ հիմնվելով շրջափակման մեջ գտնվող բնակավայրերում ազգայնականների կողմից բռնի պահվող խաղաղ բնակիչների տարհանման բացառապես մարդասիրական սկզբունքների վրա՝ ռուսական կողմը մարտի 16-ին պահպանում է «լռության ռեժիմ»-ը մարդասիրական միջանցքներում, որոնք ավելի վաղ առաջարկել էին ուկրաինական իշխանությունները:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։