Ցխինվալիից զորք է ուղարկվել Ուկրաինա

Aliq.ge-ն հայտնում է, որ սոցցանցերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի չորրորդ ռուսական ռազմաբազայից զինտեխնիկա ու պայմանագրային զինծառայողներ են ուղարկվում Ուկրաինա։

Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարությունը պաշտոնապես չի հաստատել Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին տեղեկությունը, սակայն ընդդիմությունն ու տեղի բնակչությունը հաստատել են։

«Մեր տղաները գնում են Ուկրաինա, որպեսզի վերջ տան նացիստներին, որոնք ահաբեկում են սեփական ժողովրդին։ Նրանք ուժեղ մոտիվացիա ունեն»,- ասել է ինքնահռչակ հանրապետության նախկին նախագահ և ընդդիմության առաջնորդ Էդուարդ Կոկոյտին։

Սոցցանցերում հանրության մի մասը մտահոգություն է հայտնել Ուկրաինա զորք մտցնելու կապակցությամբ՝ մեղադրելով դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել