Ռուսական կողմը նշում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները լավ չեն ընթանում, սակայն փոխզիջման որոշակի հույս կա։ Այս մասին չորեքշաբթի RBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Ես առաջնորդվում եմ մեր բանակցողների գնահատականներով, նրանք նշում են, որ բանակցությունները լավ չեն ընթանում հասկանալի պատճառներով, բայց, այնուամենայնիվ, փոխզիջման հասնելու որոշակի հույս կա։ Նման գնահատականներ են տալիս նաև ուկրաինական կողմի որոշ բանակցողներ, այդ թվում նախագահի աշխատակազմից որոշ անդաներ»,-ասել է Լավրովը:
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի ապագայում ուկրաինական կողմի հետ շփումների, բայց պետք է հասկանալ, թե որն է լինելու դրա ավելացված արժեքը։
Նախարարը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախարարական հանդիպում անցկացնել Անթալիայում՝ դիվանագիտական ֆորումի շրջանակում։
«Հաշվի առնելով, որ նման խնդրանք է ստացվել, նախագահն ինձ հանձնարարել է նման հանդիպում անցկացնել և լսել, թե ինչ է առաջարկում պարոն Կուլեբան»,- հավելել է նա։
_______________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։