Մենք կարիք չունենք կրկնելու այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը։
«Ադրբեջանը առաջարկներ է ներկայացրել և պատրաստ է առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է մոտենում հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ ցույց տա իր պատրաստակամությունը՝ սկսել կոնկրետ և արդյունքի միտված բանակցություններ»,-նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։
«Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը»,-նշել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան ավելի վաղ հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի 5 հիմնարար սկզբունքները։
Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են Աբդուլլաևի հրապարակած 5 սկզբունքները, որոնք ներառում են․
. ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում
. պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում
. զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից
. պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում
.տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։