Ուկրաինան հասկանում է, որ չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Զելենսկի

Ուկրաինան հասկանում է, որ ինքը ՆԱՏՕ-ի անդամ չէ, հետևաբար նրան անհրաժեշտ են հուսալի անվտանգության երաշխիքներ և հույս ունի համագործակցության գործընկերների հետ, ովքեր պատրաստ են օգնել Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիային հակազդելու հարցում։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է Միացյալ էքսպեդիցիոն ուժերի ղեկավարների հանդիպմանը, փոխանցում է Ukrinform-ի թղթակիցը։

«Հասկանալի է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ: Մենք դա հասկանում ենք: Տարիներ շարունակ մենք լսել ենք իբր բաց դռների մասին, բայց արդեն իմացել ենք, որ չենք կարող մտնել այնտեղ: Դա ճիշտ է: Սա պետք է ընդունել: Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը սկսում է հասկանալ և հույս դնել մեզ վրա, ինչպես նաև մեզ օգնող գործընկերների վրա: Ուկրաինան ներկայումս չի հավակնում ակտիվացնել ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը… Մենք հասկանում ենք, որ մենք Դաշինքում չենք: Պաշտպանեք երկինքը: Կցանկանայի, որ բոլորը դա լսեին»,- ընդգծել է ուկրաինական պետության ղեկավարը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան ամեն ինչ անում է ինքնաթիռներ ու հակաօդային պաշտպանություն ստանալու համար։ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի տարածք ոչնչացրել է բացարձակապես այն ամենը, ինչը աջակցում է թե՛ ուկրաինական տարածաշրջանի անվտանգությանը, թե՛ միջազգային անվտանգությանը։ Զելենսկին նշել է, որ անվտանգության ամենահզոր դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, կասկածի տակ է դրել իր վստահելիությունը։

Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ դաշինքի որոշ անդամներ «ուղղակի հիպնոսացված են» Ռուսաստանի Դաշնության ագրեսիայից և անհանգստացած են Երրորդ համաշխարհային պատերազմի հավանական մեկնարկով, եթե նրանք փակեն Ուկրաինայի երկինքը։

Նա նաև ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները միջազգային գործընկերներին իրենց երկինքն ու ժողովրդին ինքնուրույն պաշտպանելու միջոց են առաջարկել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել