Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը կասեցրել է ռուսական ավիաընկերություններին տրված հավաստագրերի վավերականությունը

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) կասեցրել է ռուսական ավիաընկերություններին տրված հավաստագրերի վավերականությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է գերատեսչությունը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«EASA-ն որոշել է կասեցնել բոլոր տրված սերտիֆիկատները, այդ թվում՝ ապրանքների, մասերի և գործիքների, ինչպես նաև կազմակերպությունների և թռիչքների սիմուլյատորների սերտիֆիկատները, եթե վկայականի տերը գտնվում է կամ բնակվում է Ռուսաստանում կամ այլ կերպ ենթարկվում է պատժամիջոցների: Գործակալությունը նաև կասեցրել է Ռուսաստանից ատեստավորման բոլոր նոր հայտերի ընդունումը։

Նշենք, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ փետրվարի 26-ին ԵՄ-ն արգելեց ռուսական ավիաընկերությունների համար ինքնաթիռների և դրանց պահեստամասերի վաճառքն ու մատակարարումը, ինչպես նաև այդ ինքնաթիռների և դրանց համար ապահովագրական ծառայությունների մատուցումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել