Սպիտակ տան մամուլի քարտուղարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ջախջախել է Ռուսաստանի տնտեսությունը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին պնդել է, որ Միացյալ Նահանգները իր դաշնակիցների հետ միասին, ամբողջովին ջախջախել է Ռուսաստանի տնտեսությունը՝ պատժամիջոցներով, ի պատասխան Ուկրաինայում ռազմական գործողության, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինչ կլինի խաղի վերջը, դա Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հարցն է։ Մենք ամբողջովին ջախջախեցինք նրա տնտեսությունը։ Մենք ռազմական և հումանիտար օգնություն ցուցաբերեցինք ուկրաինացիներին՝ նրանց հնարավորություն տալով ավելի երկար դիմադրել, քան ռուսական ղեկավարությունն ակնկալում էր: Եվ կրկին, նա պետք է որոշի, թե ինչպիսին է լինելու իր Ռուսաստանի ուղին», – լրագրողների հետ զրույցում ասել է Ջեն Փսակին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել