Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը մարտի 16-ին կհրապարակի ռուսախոսների ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի դեմ գործով ժամանակավոր միջոցներ կիրառելու Ուկրաինայի պահանջի մասին իր որոշումը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է Украинская правда-ն:
Դատարանը որոշումը կկայացնի չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ին։ COVID-19 համաճարակի պատճառով Արդարադատության մեծ դահլիճում ներկա կլինեն միայն դատարանի անդամները և գործին մասնակցող պետությունների ներկայացուցիչները։
Ուկրաինան դատարանին խնդրել է Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցնել անհապաղ դադարեցնել 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռազմական գործողությունները, որոնց հայտարարված նպատակն է «կանխել և պատժել» ենթադրյալ ցեղասպանությունը Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի մարզերում։
Ըստ լրատվական կայքի՝ Ռուսաստանը հրաժարվել է պաշտպանվել Հաագայի դատարանում։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի կողմից պաշտպանությունը մերժելը չի դադարեցնում լսումները։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։