Պատվիրակությունները կփորձեն Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպում կազմակերպել. Վլադիմիր Զելենսկի

Մոսկվայի պատվիրակության հետ բանակցություններում Կիևի ներկայացուցիչները պետք է բոլոր ջանքերը գործադրեն Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեր պատվիրակությունների ներկայացուցիչները ամեն օր շփվում են տեսաֆորմատով, մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ ամեն ինչ անել, որ նախագահների հանդիպումը կայանա, հանդիպում, որին, վստահ եմ, մարդիկ սպասում են։

Մենք հասկացանք, որ սա դժվար, բայց անհրաժեշտ ճանապարհ է, և մեր նպատակն է, որ այս պայքարում, այս բարդ բանակցային աշխատանքի ընթացքում, Ուկրաինան ստանա այն անհրաժեշտ արդյունքը, որն անհրաժեշտ է մեզ, աշխարհին, անվտանգություն, որպեսզի ունենանք նորմալ ու արդյունավետ երաշխիքներ»,- ասել է նա տեսաուղերձում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև երկխոսությունը կշարունակվի երկուշաբթի օրը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։

Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային։ Զրույցից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվում շփումներից, սակայն դրանք պետք է ոչ թե ինքնանպատակ լինեն, այլ կոնկրետ պայմանավորվածություններ ամրագրելու միջոց։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել