Վլադիմիր Զելենսկու խորհրդականն ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները ընթանում են հենց այս պահին, հայտնում է Reuters-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Բելառուսն արդեն ընդունել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների երրորդ փուլը։
Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնում ձեռք բերեցին քաղաքացիների տարհանման, սննդամթերքի և դեղորայքի առաքման համար մարդասիրական միջանցքների համատեղ ապահովման շուրջ։
Ավելի ուշ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են տեսաֆորմատով, և ստեղծվել են հատուկ աշխատանքային խմբեր։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։