ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է նաև կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարարության հետ՝ հակամարտությունից դուրս գալու համար։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Ուկրաինայի արեւմուտքում իրավիճակի մասին հաղորդագրությունները, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածին, որը հավաքական պաշտպանության մասին է:
Ինչպես արդեն ասել են փոխնախագահը և պաշտպանության նախարարը, մեզանից մեկի դեմ զինված հարձակումը համարվում է հարձակում բոլորի դեմ»,- ասել է նա:
Պենտագոնի խոսնակը հավելել է, որ ՆԱՏՕ-ն ուժեր է տեղափոխում արևելյան թև, եթե անհրաժեշտություն առաջանա դաշինքի տարածքը պաշտպանելու համար։
«Մենք Ռուսաստանին հասկացրել ենք, որ ՆԱՏՕ-ի տարածքը պաշտպանելու են ոչ միայն ԱՄՆ-ը, այլև մեր դաշնակիցները»,- ասել է նա։ Մենք ունենք հակակոնֆլիկտային մեխանիզմ, որպեսզի կարողանանք խոսել ՌԴ ՊՆ-ի հետ, այս համակարգը գործում է, այս գիծն աշխատում է, և մենք չենք վարանում այն օգտագործել, եթե անհրաժեշտ լինի»,- հավելել է նա։
Նշենք, որ այսօր՝ մարտի 13-ին, ամերիկյան լրատվամիջոցները հայտարարություններ են տարածել երկրի արևմուտքում՝ Լվովի մարզի Յավորիվ քաղաքի մոտ, ուկրաինական զորքերի ուսումնական բազայի վրա հարձակումների մասին։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ բազան գտնվել է Լեհաստանի սահմանի մոտ, իսկ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։