Կիևը շրջափակման է պատրաստվում․ երկու շաբաթվա համար մթերք է կուտակել

Կիևում երկու միլիոն կիևցիների համար, որոնք մնացել են քաղաքում, անհրաժեշտ պարենային ապրանքների երկշաբաթյա պաշար է կուտակվում։ Այս մասին ասվում է Կիևի քաղաքային պետական ​​վարչության Telegram-ալիքի հաղորդագրության մեջ։

«Քաղաքը պատրաստվել է շրջափակման դեպքում հնարավոր գործողությունների։ Այն երկու միլիոն կիևցիները, ովքեր չեն լքել իրենց տները, մենակ չեն մնա, եթե իրավիճակը վատթարանա։ Քաղաքային իշխանությունները բիզնեսի հետ համագործակցելով ամեն ինչ անում են դրա համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քաղաքը երախտապարտ է ուկրաինացի և արտասահմանյան գործընկերներին, ովքեր կարողացել են մեծ և փոքր խանութներին ամենաանհրաժեշտ ապրանքները ապահովել ամենակարճ ժամկետներում և կազմակերպել դրանց գրեթե անխափան առաքումը։

«Բացի այդ, մայրաքաղաքում վճարվում են աշխատավարձեր և թոշակներ, ուստի խնդրում ենք Կիևի բնակիչներին, հնարավորության դեպքում, ոչ միայն գնել այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է խանութներից, այլև վճարել կոմունալ ծառայությունների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել