Ոչ թե պետք է ստուգել, լռել, այլ ստուգել և դրա մասին հայտարարություն անել. Սերժ Սարգսյանը՝ Աղվան Հովսեփյանին

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:

Քննարկման ժամանակ նախագահն անդրադարձել է նաև ՀՀ դատախազությանը: Իր խոսքն ուղելով Աղվան Հովսեփյանին, մասնավորապես նշել է.

Ձեր խնդիրն է լինել հստակ և կատարել օրենքի պահանջները: Անկախ նրանից, ՎՊ-ն Ձեզ հաշվետվություն է ուղարկել, չի ուղարկել: Հրապարակվե՞լ է, հնչե՞լ է, պարտավոր եք ուսումնասիրել և տալ դրան իրավական գնահատական: Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են: Դա Ձեր ուղղակի պարտականությունն է: Եվ ճիշտը դա է, այլ ոչ թե զանգել ՎՊ նախագահին և ասել՝ ինչո՞ւ ես այսպիսի բան արել: Դա իմացար դու, իմացավ ՎՊ նախագահը: Բայց ամբողջ հասարակությունը խոսում է նրա մասին, որ 700 մլրդ փող են լափել: Պարզ քաղաքացին իրավունք ունի այդպես մտածելու, բայց մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, չէ՞, որ դա մեր բյուջեի 70 տոկոսն է և այդ 700 մլրդ ծառայություններ կամ շինարարություն կատարելու համար չէ, ծառայություններ կամ ապրանքներ ձեռք բերելու կամ շինարարություն կատարելու համար չէ: Ակնհայտ է, չէ՞, այդ թիվը հնչել է միտումնավոր, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, այդ թվի 1/3-րդը գրեթե տնօրինում է պաշտպանության նախարարությունը, իսկ ՊՆ-ի տնօրինած միջոցների գրեթե 50 տոկոսը աշխատավարձ է: Այսինքն՝ ո՞վ է իրեն իրավունք վերապահում այդպիսի հայտարարություններ անել ու դրանից հետո պատասխան չստանալ: Անթույլատրելի է սա: Բայց դա ձեր գործն է, դուք պետք է դա անեք: Իսկ այն դեպքերում, որտեղ հանցագործություններ կան, խնդրեմ, այլապես հարցեր են առաջանում՝ ո՞վ է այս նյութն ուղարկել դատախազություն, ինչո՞ւ են ուղարկել կամ ինչո՞ւ չեն ուղարկել: Ի՞նչ է նշանակում ուղարկել, չուղարկել: Հնչել է, հրապարակվել է՝ պետք է ստուգել: Բայց ոչ թե պետք է ստուգել, լռել, այլ ստուգել և դրա մասին հայտարարություն անել:

 

Մենք պետք է այս բոլոր դեպքերում աշխատենք այնպես, ինչպես աշխատում էինք ընտրությունների ժամանակ: Երբ մի հայտարարություն է արվում, միանգամից հայտարարությունը հաշվառվում է, գնահատական է տրվում ու դրա մասին հրապարակավ հայտարարվում է: Ուրեմն ես ակնկալում եմ իրավապահ մարմիններից հստակ գնահատականներ բոլոր դեպքերում, բայց ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ ՀՔԾ-ն, և՛ ոստիկանության քննչական մարմինը հրաժարվեն նախկինում եղած պրակտիկայից այն առումով, որ մի տեղ մի փաստ կա՝ միանգամից սկսում են տարածվել, ընդլայնվել և ընդգրկել մեր ողջ տնտեսական դաշտը: Եթե խոսվել է ինչ-որ մի կազմակերպության մասին՝ գնալ այդ կազմակերպություն ու սկսել ստուգել կազմակերպությունը բոլոր ուղղություններով ու հետո այդ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող այլ կազմակերպությունների և այլն, անթույլատերի է: Այդպես մենք չենք կարող աշխատել. կոնկրետ փաստ, փաստի գնահատական ու այնուհետև՝ որոշում: Եվ, ընդհանրապես, իրավապահները շատ քիչ պետք է մտնեն տնտեսության մեջ: Պետք է մտնեն միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը ծայրահեղ է, երբ ակնհայտ հանցագործություն կա: Պետք է մարդկանց թողնել ազատ աշխատեն: Դրա համար մենք ունենք հարկային մարմիններ, որոնք այդ գործով զբաղվում են:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել