Գերմանիայի իշխանությունները նախատեսում են ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ներկրվող վառելիքից

Մինչև այս տարվա աշուն Գերմանիան պետք է ամբողջությամբ հրաժարվի Ռուսաստանի Դաշնության ածխից, իսկ մինչև տարեվերջ գրեթե անկախանա ռուսական նավթից։ Այս մասին հայտարարություն է արել Գերմանիայի փոխվարչապետ, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։ Տեղեկանում ենք Европейская правда-ից։

Նա նշել է, որ  ռուսական գազից հրաժարվելն ավելի դժվար կլինի, քանի որ Գերմանիան չունի հեղուկ գազ ներկրելու սեփական հնարավորություններ։ Գերմանիան նախատեսում է կառուցել համապատասխան տերմինալներ։

Հաբեկի խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները նախատեսում են ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ներկրվող վառելիքից։ Նա նշել է, որ հասկանում է բոլոր այն երկրներին, որոնք Ռուսաստանի ագրեսիվ պահվածքի պատճառով էմբարգո են կիրառում։

«Խոսքը ոչ թե անձնական հարմարավետության զոհաբերության մասին է, այլ լուրջ կրճատումների՝ տնտեսական և սոցիալական. ներմուծման անհապաղ արգելքի դեպքում դա կլինի հաջորդ ձմռան մատակարարումների կրճատում, տնտեսական անկում և բարձր գնաճ»,-ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը։

—————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել