Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 11-ին, հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և նրան պատմել երկրում ռազմական գործողությունների ընթացքում ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Ես առարկայական զրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Ես նրան տեղեկացրել եմ մարտադաշտում տիրող իրավիճակի իմ գնահատականի մասին: Մենք պայմանավորվել ենք Ուկրաինայի պաշտպանական աջակցության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշման ուժեղացման հետ կապված հետագա քայլերի մասին»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։