Ամեն երկրորդ բնակիչը լքել է Կիևը. Կլիչկո

Մոտ 2 միլիոն կիևցիներ մնացել են Ուկրաինայի մայրաքաղաքում, ամեն երկրորդը լքել է քաղաքը, ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է Интерфакс-Украина-ն։

«Վերջին տվյալների համաձայն՝ Կիևի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին լքել է քաղաքը: Այժմ Կիևում 2 միլիոնից մի փոքր պակաս բնակիչ կա», – հինգշաբթի ասել է Կլիչկոն ուկրաինական հեռուստաալիքների ազգային մարաթոնի եթերում։

Նրա խոսքով՝ Կիևն այժմ վերածվել է ամրոցի։

«Ամեն փողոց, ամեն տուն… ամրացվում է, տարածքային պաշտպանությանը միանում են նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր երբեք չէին պատրաստվում զինվորական հագուստը հագնել՝ ավտոմատները ձեռքներին։ Դրանք երաժիշտներ են, և դերասաններ, տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ»,- ասել է Կլիչկոն։

Նա ընդգծել է, որ «քաղաքը կանգնել է և կանգնելու է… Եվ մարդիկ քաղաքը չեն հանձնի, թշնամին չի անցնի»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել