Պատերազմի նպատակների մեջ չի մտնում Ուկրաինայում գործող իշխանության տապալումը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Украинская правда-ն:
«Ռուսական զինված ուժերին տրված առաջադրանքները չեն ներառում ոչ Ուկրաինայի օկուպացիան, ոչ նրա պետականության ոչնչացումը, ոչ էլ ներկայիս կառավարության տապալումը։ Դա ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ըստ կայքի՝ Կրեմլի հարձակման պատճառներից մեկը ուկրաինական իշխանությունների անհավատարմությունն է ռուս օկուպանտներին և Դոնբասը հանձնելուց հրաժարվելը։
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ղեկավարությանը անվանում է «թմրամոլների և նեոնացիստների բանդա», իսկ պատերազմը՝ «Դենացիֆիկացիա»։ Մի քանի օր տևած պատերազմից հետո Ռուսաստանը, տեսնելով, որ դա իրեն չի հաջողվում, սկսեց փոխվել ու նվազեցնել իր պահանջները։
Մարտի 7-ին Կրեմլում վստահեցրել են, որ ավարտում են Ուկրաինայի ապառազմականացումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։