Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկզբից հակառակորդի ընդհանուր մարտական կորուստները կազմել են ավելի քան 12000 զինվորական, 317 տանկ, 49 ինքնաթիռ և 81 ուղղաթիռ։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի Գլխավոր շտաբից, փոխանցում է Украинская правда-ն:
«Փետրվարի 24-ից մարտի 9-ը ռուսական կողմի կորուստներն են. ավելի քան 12 հազար մարդ, 317 տանկ, 120 հրետանային համակարգ, 1070 BBM, 56 MLRS, 28 ՀՕՊ համակարգ, 49 ինքնաթիռ, 81 ուղղաթիռ, 482 ավտոտեխնիկա, 3 նավ, 60 տանկ՝ վառելիքով և 7 ԱԹՍ»,- նշում է գերատեսչությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։