ՄԱԿ-ի տվյալներով, ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը

Պատերազմական դրության սկզբից ի վեր ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Տեղեկությունը տարածում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդը, փոխանցում է 1TV.ge-ն:

Նշվում է, որ փախստականների կեսից ավելին տեղափոխվել է Լեհաստան, ավելի քան 140 000-ը՝ Սլովակիա, 190 000-ը՝ Հունգարիա, 80 000-ը՝ Ռումինիա, 80 000-ը՝ Մոլդովա, մինչև 100 000-ը՝ Ռուսաստան և մինչև 500-ը՝ Բելառուս:

Ֆիլիպո Գրանդի խոսքով, ուկրաինական ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ աճող փախստականների ճգնաժամն է Եվրոպայում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել