Ռուսական պատվիրակությունը Բելառուս է ժամանել նույն կազմով, առաջիկայում սպասվում են բանակցություններ Ուկրաինայի հետ, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Պատվիրակությունը տեղում է, բանակցությունները՝ շուտով: Այժմ մենք տեղեկությունը ճշտում ենք ուկրաինական կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ ուկրաինական կողմի հետ բանակցությունների երրորդ փուլը, ինչպես նախատեսված է, տեղի կունենա Բելովեժսկայա Պուշչայում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։