ՌԴ ՊՆ պնդմամբ՝ Ռուսաստանի Զինված ուժերը փաստեր են բացահայտել Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի իրականացման մասին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից տեղեկություններ են ստացվել փետրվարի 24-ին առանձնապես վտանգավոր պաթոգենների հրատապ ոչնչացման մասին։ Խոսքը ժանտախտի, սիբիրյան խոցի, տուլյարեմիայի, խոլերայի և այլ մահաբեր հիվանդությունների հարուցիչների մասին է․
«Ստացված փաստաթղթերը հաստատում են, որ Ռուսաստանի տարածքի անմիջական հարևանությամբ ուկրաինական կենսալաբորատորիաներում իրականացվել է կենսաբանական զենքի բաղադրիչների մշակում», – ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության սկզբից հազարավոր մարդիկ ցանկանում են լքել Ուկրաինան և մեկնել Ռուսաստան, սակայն Կիևի իշխանությունները հրաժարվում են նրանց դուրս թողնել, հայտնել է Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբը։ Այս շտաբը ստեղծվել է մարտի 2-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի հիման վրա։
«Հավաստիորեն հայտնի է, որ հատուկ ռազմական գործողության սկզբից հազարավոր մարդիկ, այդ թվում՝ օտարերկրացիներ, պատրաստ են լքել Ուկրաինայի տարածքը և մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն Կիևի իշխանությունները կտրականապես հրաժարվում են նրանց դուրս թողնել՝ վախենալով, որ նեոնացիստների կողմից խաղաղ բնակչության դեմ իրականացված վայրագությունների մասին իրական ճշմարտությունը հայտնի կդառնա ամբողջ աշխարհին»,- ասվում է շտաբում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։