Զելենսկին կրկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով անհապաղ փակել Ուկրաինայի երկինքը

Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով անհապաղ փակել երկինքը ռուսական հրթիռների և մարտական ինքնաթիռների համար։ Նա ՆԱՏՕ-ին մեղադրել է ուկրաինացիների սպանությանն աջակցելու մեջ։ Այս մասին գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով Զելենսկու տեսաուղերձին։

«Մենք ամեն օր կրկնում ենք՝ փակեք երկինքը բոլոր ռուսական հրթիռների, ռուսական ռազմական ավիացիայի համար, ստեղծեք մարդասիրական օդային գոտի՝ առանց հրթիռների, առանց ավիառումբերի: Մենք մարդիկ ենք,  ձերն է։ մարդասիրական պարտքը՝ պաշտպանել մարդկանց, դուք կարող եք դա անել»,- ասել է Զելենսկին:

Զելենսկու խոսքով՝ ուկրաինացիների և ընդհանրապես ժողովրդի անվտանգությունը քաղաքական գործիչների և արևմտյան գործընկերների պարտականությունն է։

«Եթե դուք դա չանեք, եթե մեզ գոնե ինքնաթիռներ չտաք, որ մենք պաշտպանվենք, ապա կարելի է  եզրակացնել՝ դուք էլ եք ուզում, որ մեզ շատ դանդաղ սպանեն: Սա նաեւ համաշխարհային քաղաքական գործիչների, արեւմտյան առաջնորդների պատասխանատվությունն է։ Այսօրվանից և ընդմիշտ»,- ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել