Ռուսաստանն արդեն կորցրել է 10 հազար զինծառայող. Դմիտրի Կուլեբա

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է 498 զոհված զինծառայողների մասին։ Ռուս զինվորականները կանոնավոր հաշվետվություններ չեն ներկայացնում իրենց կորուստների մասին

Շաբաթ օրը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանը կորցրել է ավելի քան 10 հազար զինծառայող: Ավելի վաղ այս ցուցանիշը հայտնել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին։ Ուկրաինայի կառավարության կողմից հրապարակված տեսաուղերձում Կուլեբան նաև պնդում է, որ ոչնչացվել են տասնյակ ռուսական ռազմական ինքնաթիռներ և հարյուրավոր զրահամեքենաներ։

Associated Press-ը չի կարող հաստատել այս թվերը անկախ աղբյուրներից: Ռուս զինվորականները կանոնավոր հաշվետվություններ չեն ներկայացնում իրենց կորուստների մասին։ Չորեքշաբթի օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է 498 զոհված զինծառայողների մասին։

Տեսաուղերձում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «ռուսական զորքերը շարունակում են ավերիչ կորուստներ կրել», և ինքը չի կարող հասկանալ, թե ինչպես են «ռուս զինվորների մայրերը, կանայք և դուստրերը դիմանում այս ցավին՝ տեսնելով, թե ինչպես են ավելի ու ավելի շատ նրանց սիրելիներ Պուտինի հրամանով ուղարկվում Ուկրաինա»։

Կուլեբան հավելել է.«Ուկրաինան արյունահոսում է, բայց Ուկրաինան չի կոտրվել և ամուր կանգնած է իր ոտքերի վրա»։

Շաբաթ օրը նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի միջև: Վերջինս հաստատել է, որ ՄԱԿ-ը մտադիր է ընդլայնել իր մարդասիրական գործողությունները՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար։

Կուլեբան և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են ռազմական գոտիներից խաղաղ բնակչության, այդ թվում՝ օտարերկրացիների անվտանգ տարհանման պայմանները։

Ժնևում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից տասը օր անց երկիրը լքել է մոտ 1.45 միլիոն մարդ։ ՄԱԿ-ը կանխատեսում է, որ Ուկրաինայից փախստականների թիվը կարող է հասնել 4 միլիոնի։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհանդիպի երկուշաբթի կեսօրին։ Այն կքննարկի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո առաջ եկած մարդասիրական մարտահրավերները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել