Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության մասին, հայտնել իր մոտեցումներն ու տեսակետները։
Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել ուկրաինական իշխանությունների և արտասահմանյան գործընկերների հետ գնալ երկխոսության՝ հակամարտության կարգավորման նպատակով։
ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել բանակցային գործընթացը ձգձգելու փորձերի անհեռանկարային լինելու վրա, որոնք, ըստ նրա, արվում են ուկրաինացի ուժայինների կողմից՝ սեփական ռազմական ուժերն ու միջոցները վերախմբավորելու համար։
Պուտինն Էրդողանին ասել է, որ ռազմական գործողությունները կդադարեն միայն այն ժամանակ, երբ Կիևը վայր դնի զենքերը և կատարի Ռուսաստանի պահանջները։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։