Ռուս զինվորականները Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից վերսկսել են հարձակողական գործողությունները Ուկրաինայում, քանի որ Կիևը չի ցանկանում ազդել ազգայնականների վրա կամ երկարաձգել լռությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջինիս խոսքով՝ ազգայնական գումարտակները օգտվելով լռությունից, վերախմբավորվել և ամրապնդել են իրենց դիրքերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի ՊՆ-ն, շաբաթ օրը ժամը 10:00-ից Մարիուպոլից և նրանից հյուսիս գտնվող Վոլնովախա շրջկենտրոնից խաղաղ բնակիչների ելքի համար լռության ռեժիմ էր հայտարարվել։
Ըստ ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևի, այդ նպատակով մանրակրկիտ մշակվել և համակարգվել են հումանիտար միջանցքների երթուղիներն ու տրանսպորտային նյութատեխնիկական ապահովումը, և ՌԴ զինված ուժերն ապահովել են դրանց անվտանգությունը, որի մասին նախապես տեղեկացվել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Կիևում և Մոսկվայում։
Ինչպես ավելի վաղ ասել էր Միզինցևը, Խարկովում և Սումիում, ինչպես նաև Վոլնովախի և Մարիուպոլի ուղղություններում ազգայնականները կանխել են խաղաղ բնակչության տարհանումը անվտանգ վայրեր։ Վերջիններս ֆիզիկական բռնությամբ սպառնացել են խաղաղ բնակիչներին, պարետային ժամ սահմանել և ականապատել բնակավայրերի ելքերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։