Ուկրաինայի երկինք փակելը հսկայական հետևանքներ կունենա ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև Եվրոպայի համար, դրա ըմբռնումը կա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Երկինքը փակելու այս պահանջի իրականացումը կապված է վիթխարի և աղետալի հետևանքների հետ ոչ միայն Եվրոպայի, այլ ամբողջ աշխարհի համար: Կարծում եմ, որ նրանք, ովքեր ինչ-որ բան են գոռգոռում մյուս կողմից, դա հասկանում են»,- ասել է Պուտինը ռուսական ավիաընկերությունների կին օդաչուների հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ Պուտինը նաև ասել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցում են միայն պրոֆեսիոնալները:
«Ուկրաինյաում իրականացված այս հատուկ գործողությանը մասնակցում են միայն պրոֆեսիոնալ զինվորականներ՝ սպաներ և կապալառուներ։ Ժամկետային զինծառայողներ չկան, և մենք չենք պլանավորում նրանց ներգրավել այս գործում»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Վերջինս անդրադարձել է նաև Ռուսաստանում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին և ասել, որ նման գործողություն դեռ նախատեսված չէ:
______
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Մանրամասները՝ տեսանյութում: