Պենտագոնի տվյալներով՝ ռուսական զորքերի հսկայական շարասյուն է տեղակայված Կիևից 25 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է ZN.UA-ը։
Նշվում է, որ այս պահին շարասյունը չի շարժվում դեպի Կիև։ Խոսքը, իբր, մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ շարասյան մասին է։ Զորքի շարժը դանդաղեցրել են ուկրաինական հարձակումները և կամուրջներից մեկի պայթյունը։
Ռուսական զորքերը տեղակայված են երկրի նաև հյուսիսում՝ Չեռնիգովի և Խարկովի մոտակայքում, սակայն շարունակում են առաջխաղացումը հարավում։ Միաժամանակ Մարիուպոլը շարունակում է մնալ Ուկրաինայի վերահսկողության տակ, իսկ Օդեսայի վրա մոտալուտ հարձակման նախանշաններ դեռ չեն նկատվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։