Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում շարունակել է քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայում իրավիճակի զարգացման քննարկումը շարունակվել է։ Վլադիմիր Պուտինը ուրվագծել է Ռուսաստանի հիմնարար մոտեցումները Դոնբասի բնակչության պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության անցկացման համատեքստում և մանրամասն բացատրել դրա նպատակներն ու խնդիրները, որոնք անպայման կիրականացվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Շոլցը «անհանգստություն է հայտնել ակտիվ ռազմական գործողությունների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի և կողմերի ռազմական կորուստների մասին հաղորդագրությունների առնչությամբ»։
«Այդ կապակցությամբ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ութ տարի շարունակ արևմտյան գործընկերները աչք են փակել Կիևի ռեժիմի կողմից Դոնբասի հանրապետությունների բնակիչների նկատմամբ իրականացված ցեղասպանության վրա՝ սպանելով մոտ 14 հազար մարդու, այդ թվում՝ հազարավոր երեխաների:
Հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար, իսկ Կիևի և այլ խոշոր քաղաքների ենթադրյալ գնդակոծությունների մասին տեղեկատվական լցոնումները կոպիտ քարոզչական կեղծիքներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։