Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի նոր բնակավայրեր վերահսկողության տակ վերցնելու մասին

Ռուսաստանից հայտարարել են, որ ռուսական զինված ուժերն առաջ են շարժվում լայն ճակատով՝ հարակից թևերում գործելով Դոնեցկի ստորաբաժանումների հետ և վերահսկողության տակ են վերցրել նոր բնակավայրեր, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են գրոհը լայն ճակատով: Դոնեցկի Հանրապետության ստորաբաժանումների հետ հսկողության տակ են վերցվել Պյատիխատկի, Շևչենկովո, Պոլոգի, Գուսարկա, Նովոդանիլովկա և Շչերբակի բնակավայրերը»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական միլիցիաների կողմից վերահսկողության տակ վերցված մի քանի բնակավայրերի մասին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել