ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Եվրամիությանը հետևելով ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու մասին, հայտնում է CNN-ը։
Որոշման մասին Բայդենը հայտարարել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ։
Սա վերաբերում է մարդատար, բեռնատար, կանոնավոր և չարտերային թռիչքներին։
Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Եվրամիությունն ամբողջությամբ փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Դա արել են նաև Կանադան, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ եվրոպական երկրներ, որոնք ԵՄ անդամ չեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։