Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունները ոչ թե չեղարկվում են, այլ դրանց անցկացման ժամանակն է փոխվում։ Այս մասին չորեքշաբթի «ՏԱՍՍ»-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։
«Չեղարկում չէ, ժամանակը փոխվել է, շուտով պաշտոնական տեղեկատվություն կլինի»,- ասաց նա։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլ կանցկացվի Բելառուսի տարածքում՝ Բելովեժսկայա Պուշչայում։
Փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը։ Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքով, այս ընթացքում կողմերը «մանրամասն ուսումնասիրել են օրակարգի բոլոր դրույթները, գտել որոշ կետեր, որոնց վերաբերյալ հնարավոր է կանխատեսումներ անել», և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցային գործընթացը։