Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ Եվրոմիությանն Ուկրաինայի անդամակցության դիմումն ընդունվել է

ԵՄ-ին արագացված ընթացակարգով Ուկրաինայի անդամակցության հայտը ընդունվել է, գրանցվել և գտնվում է քննարկման փուլում։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Նշենք, որ փետրվարի 28-ի առավոտյան նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել էր Եվրոմիությանը՝ Ուկրաինայի անդամակցության հարցով հատուկ ընթացակարգով։

Նրա խոսքով՝ ուկրաինացիներն արժանի են ԵՄ անդամակցությանը։ Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ մի քանի երկրներ կոչ արեցին Ուկրաինային անդամակցության հեռանկար տրամադրել, իսկ Սլովակիան առաջարկեց ստեղծել ԵՄ-ին Ուկրաինայի միանալու հատուկ ընթացակարգ։ Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ինքը Ուկրաինային համարում է «մեզնից մեկը» և ցանկանում է տեսնել այն ԵՄ-ում։ Չնայած դրան, նա չի հստակեցրել, թե ինչ շանսեր ունի Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, հատկապես արագացված ծրագրով։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինան հստակ եվրոպական հեռանկար ունի, սակայն այժմ «մենք պետք է պայքարենք ագրեսիայի դեմ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել