Լուկաշենկոն վստահեցնում է, որ Բելառուսը չի պատրաստվում կռվել Ուկրաինայի դեմ, բայց մարտական պատրաստության է բերվել ՀՕՊ-ը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ Այս մասին նա ասել է Անվտանգության խորհրդի անդամների և Նախարարների խորհրդի ղեկավարության հետ հանդիպմանը, գրում է БЕЛТА-ն։

«Բելառուսական բանակը ռազմական գործողություններին չի մասնակցել և չի մասնակցում, մենք դա կարող ենք ապացուցել ցանկացածին։ Ավելին, Ռուսաստանի ղեկավարությունը երբեք մեզ հետ չի բարձրացրել այդ հարցը՝ զինված հակամարտությանը մեր մասնակցության մասին։ Մենք չենք պատրաստվում մասնակցել Ուկրաինայում այս հատուկ գործողությանը։ Նման անհրաժեշտություն չկա»,-նշել է նա։

Լուկաշենկոն ասել է, որ բելառուսական բանակը պահպանում է պետական ​​սահմանը Բրեստից մինչև Մազիր «որպեսզի կանխի արմատականների և զենքի ներթափանցումը երկիր»։

Միաժամանակ, Լուկաշենկայի խոսքով, Բելառուսում հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական ​​պատրաստության՝ ռուսական զորքերի «մեջքից խփելը» կանխելու նպատակով։

«Պաշտպանության նախարարն ինձ զեկուցեց, որ պատրաստ է փակել արևմտյան սահմանը ևս հինգ գումարտակով»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել