Ռուսական զորքերը գնդակոծել են Խարկովի կենտրոնը, մասնավորապես, խոշոր պայթյուն է որոտացել Ազատության հրապարակում՝ մարզային պետական վարչության շենքի մոտ, փոխանցում է Украинская правда-ն։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է խոշոր պայթյուն տեղի ունենում Խարկովի ամենամեծ հրապարակում՝ մարզպետարանի շենքից ոչ հեռու։
Պայթյունի պահին խաչմերուկում բազմաթիվ մեքենաներ և մարդիկ կային։
Նախնական տվյալներով՝ Խարկովին ավիահարված է հասցվել։ Արդյունքում հրապարակի վրա գոյացել է հսկայական ձագար։ Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։