ՌԴ պատվիրակության ղեկավարը մանրամասներ է հայտնել ռուս-ուկրաինական բանակցություններից

Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում էր ռուսական պատվիրակությունը, հայտնել է, որ կողմերը մի քանի կետ են գտել, որոնցով կարող են կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները։

«Բանակցությունները տևել են մոտ 5 ժամ։ Այդ ընթացքում մենք մանրամասնորեն անցել ենք օրակարգի բոլոր կետերով, գտել ենք մի քանի կետ, որոնցով կարող ենք կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները, և ամենակարևորը՝ պայմանավորվել ենք շարունակել բանակցային գործընթացը»,- ասել է Մեդինսկին։

Մեդինսկին նշել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին՝ լեհ-բելառուսական սահմանին։

«Մինչ այդ պատվիրակություններից յուրաքանչյուրը բանակցային դիրքորոշումների առումով կխորհրդակցի երկրի ղեկավարության հետ»,- ամփոփել է ՌԴ նախագահի օգնականը։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 28-ին, Բելառուսում բանակցություններ են սկսվել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հայտարարել էր, որ բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ի վաղ առավոտյան ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնություն են խնդրել»։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ ՌԴ ԶՈւ-ն հարվածներ չի հասցրել Ուկրաինայի քաղաքներին. ռազմական ենթակառուցվածքը վնասվել է գերճշգրիտ զենքերով։ Քաղաքացիական բնակչությանը, ըստ գերատեսչության, վտանգ չի սպառնում։ ՊՆ-ն հավելել է, որ ուկրաինացի սահմանապահները ոչ մի դիմադրություն չեն ցույց տալիս, որոշ դեպքերում ուկրաինացի զինվորականները հանձնվում են, իսկ դրանից հետո նրանք հնարավորություն ունեն վերադառնալու իրենց ընտանիքների մոտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել