Զելենսկին Եվրամիությանն անդամակցելու դիմում է ստորագրել

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության դիմումը։ Այս մասին հայտնել է հանրային պալատի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան, փոխանցում է Украинская правда-ն:

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հենց նոր ստորագրեց պատմական փաստաթուղթ՝ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հայտ։ Գերագույն Ռադայի ղեկավար Ռ. Ստեֆանչուկի և երկրի վարչապետ Դ. Շմիհալի հետ ստորագրվել է նաև Համատեղ հայտարարություն։ Փաստաթղթերն արդեն Բրյուսելի ճանապարհին են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անդրեյ Սիբիգան: 

Ընթացակարգի համաձայն՝ ԵՄ անդամակցության դիմումը պետք է ուղարկվի Եվրամիության խորհրդի նախագահություն։

Խորհուրդը ներկայումս նախագահում է Ֆրանսիան։ Ուկրաինայի դիմումի քննարկման ընթացակարգը կարող է կարևոր լինել նախագահ Զելենսկու համար՝ հաշվի առնելով, որ այդ հարցը կարող է օգտագործվել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում, քանի որ Եվրամիությունը նախագիծ է, որը հիմնված է խաղաղության և հակամարտությունների կարգավորման վրա՝ երկխոսության միջոցով։ 

Նշենք, որ փետրվարի 28-ի առավոտյան նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Եվրամիությանը՝ Ուկրաինայի անդամակցության հարցով հատուկ ընթացակարգով։

Նրա խոսքով՝ ուկրաինացիներն արժանի են ԵՄ անդամակցությանը։ Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ մի քանի երկրներ կոչ արեցին Ուկրաինային անդամակցության հեռանկար տրամադրել, իսկ Սլովակիան առաջարկեց ստեղծել ԵՄ-ին Ուկրաինայի միանալու հատուկ ընթացակարգ։ Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ինքը Ուկրաինային համարում է «մեզնից մեկը» և ցանկանում է տեսնել այն ԵՄ-ում։ Չնայած դրան, նա չի հստակեցրել, թե ինչ շանսեր ունի Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, հատկապես արագացված ծրագրով։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինան հստակ եվրոպական հեռանկար ունի, սակայն այժմ «մենք պետք է պայքարենք ագրեսիայի դեմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել