Սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչ Ֆեդոր Վենիսլավսկին ասել է, որ ուկրաինական պատվիրակության և ռուսների միջև բանակցությունները կսկսվեն մի քանի ժամից, քանի որ Բելառուսի հետ սահման հասնելու համար սպասվածից ավելի երկար ժամանակ կպահանջի, հայտնում է Украинская правда-ն։
«Անվտանգության նկատառումներից ելնելով երթուղին փոխվել է (դեպի Բելառուսի հետ սահման-խմբ.), ուստի կարծում եմ, որ բանակցությունները կսկսվեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»,-նշել է նա։
Վենիսլավսկին դժվարացավ նշել պատվիրակության կազմը։ Նա կարծում է, որ մինչև օրվա վերջ ամբողջական տեղեկատվություն կլինի մեկնարկային դիրքերի և բանակցությունների արդյունքների մասին։
Վենիսլավսկին հավելել է, որ բելառուսները նույնպես կմասնակցեն բանակցություններին, բայց որպես դիտորդ։
Ռուսաստանի ներկայացուցիչներ են ուղարկվել Ուկրաինայի հետ բանակցությունների վայր՝ իրավիճակը կարգավորելու համար, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։ Գերատեսչությունը հերքել է ուկրաինական լրատվամիջոցների այն հրապարակումները, թե Գոմելում հանդիպումն արդեն սկսվել է։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։