Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության դեմ հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է «Թվիթեր»-ում, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը:
«Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Պահանջում ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն հասկացության աղավաղման համար՝ ագրեսիան արդարացնելու համար»,- հայտարարել է Զելենսկին։
Նա կոչ է արել դատարանին անհապաղ պարտադրել ՌԴ-ին դադարեցնել ռազմական գործողությունները և լսումներ նշանակել արդեն հաջորդ շաբաթ:
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։