Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, կիրակի օրը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Գոմելը որպես հանդիպման վայր առաջարկվել է հենց Կիևի կողմից։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ չէ բանակցել Բելառուսի տարածքում։ Ռուս պատվիրակները, ըստ Մեդինսկու, սպասել են մինչև ժամը 15:00-ն՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար։ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հավաքել է կողմերի առանցքային հայտարարություններն՝ մինչև այս պահը։
Կիևի պատասխանը
Ուկրաինան պատրաստ չէ Բելառուսում բանակցել, քանի որ նրա տարածքից «ագրեսիվ գործողություններ» են իրականացվում, իր ուղերձում ասել է Զելենսկին։ Նա առաջարկել է ցանկացած քաղաք «մի երկրում, որի տարածքից հրթիռներ չեն թռչում»՝ Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ կամ Բաքու։ Ավելի ուշ նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է, որ ուկրաինական պատվիրակությունը չի գնա Գոմել։ Ուկրաինայի նախագահը կրկին մատնանշել է բանակցությունների ցանկությունը.«Մենք ցանկանում ենք հանդիպել, ցանկանում ենք պատերազմի ավարտը»։
Նա նաև դիմել է Բելառուսի ժողովրդին, որտեղ այժմ ընթանում է նորացված սահմանադրության հանրաքվեն՝ մաղթելով, որ երկիրը կրկին դառնա «այնքան բարի և ապահով, ինչպես բոլորը տեսնում էին ոչ վաղ անցյալում»։
Մինսկի հայտարարությունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ի պատասխան Զելենսկու խոսքերի, ասել է, որ ինքը պետք է դիմի ոչ թե բելառուսին, այլ ուկրաինացի ժողովրդին, և կարծիք հայտնեց, որ Կիևի իր գործընկերը «ոչ ադեկվատ է»։ Բելառուսի ղեկավարը կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ արյունահեղությունից խուսափելու համար. երկու օր պատերազմ է լինելու, իսկ երեք օր հետո՝ մսաղաց։
Միաժամանակ Լուկաշենկոն վստահեցրել է, որ Ուկրաինայում «չկա ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի պարկուճ», սակայն խոստովանել է, որ Բելառուսի տարածքից հրթիռային հարձակումներ են իրականացվել ուկրաինական ռազմական օբյեկտների վրա։
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։