Մարիուպոլում ռուսական արկերը հարվածել են դպրոցին և 12 հարկանի բնակելի շենքին, կան տուժածներ

Մարիուպոլում ռուսական բանակի արկերը խոցել են դպրոցի շենքը և տասներկու հարկանի բնակելի շենքը, տուժել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը, փոխանցում է Украинская правда-ն:

«Փետրվարի 25-ին, ժամը 19:20-ի սահմաններում Մարիուպոլ քաղաքում ռուսական զինված ուժերի արկերը հարվածել են թիվ 48 դպրոցի շենքին և տասներկու հարկանի բնակելի շենքին: Հարվածից հետո շինությունները բռնկվել են»,- հայտնել է ԱԻՊԾ-ն:

Պետական ծառայությունը նշել է, որ աշխատանքային շատ ծանր պայմանների պատճառով հնարավոր չի եղել դեպքի վայրից ֆոտոապացույց բերել, հակադրվելու համար այն հերթական ստախոսությանը, թե հակառակորդը չի կրակում քաղաքացիական անձանց վրա: 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել