Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ հայտարարում է, որ պատրաստ է քննարկել երկրի չեզոք կարգավիճակը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` այսպես կոչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) արտգործնախարար Վլադիսլավ Դեյնեգոյի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) առաջին փոխարտգործնախարար Սերգեյ Պերեսադայի հետ կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ТАСС-ը։
«Այժմ նա ձեզ ուղղակի սուտ է ասում, ստում է պարզ բառերով, երբ ասում է, որ պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Ասուլիսի ժամանակ Լավրովը հայտնել է նաև, որ ոչ ոք չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան։
«Կրեմլը շարունակում է Զելենսկու համարել Ուկրաինայի նախագահ։ Ռուսաստանը շահագրգռված է, որ Ուկրաինայի ժողովուրդը լինի «անկախ», իսկ կառավարությունը՝ ներկայացուցչական»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին․ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ»։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Ամեն ինչ սկսվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը հրթիռակոծությունից։ Խարկովում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է գործի դրվում։ Հրթիռակոծվում են օդանավակայանները։ Հրթիռներով հարվածում են Կիևի շրջանին։ Ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի ցամաքային սահմանը։ Տանկերը մտնում են Խարկով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմում է քաղաքացիներին, իսկ ռուսներին դիմում են զինվորականները։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցնում։ Ռուսաստանը դադարեցնում է 14 օդանավակայանների աշխատանքը։ Զելենսկին խնդրում է բոլորին հանգստություն պահպանել։ Կիևում միանում է օդային տագնապի ազդանշանը։ CNN-ը ցուցադրում է ռուսական տանկերը, որոնք հատում են Ուկրաինայի սահմանը՝ Բելառուսի կողմից։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է լուրը։