Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում 90 օրյա համընդհանուր զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել ։
Համապատասխան թիվ 69/2022 փաստաթուղթը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, հայտնում է Ukrinform-ը։
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիայի կապակցությամբ և պետության պաշտպանությունն ապահովելու, Ուկրաինայի զինված ուժերի և այլ ռազմական կազմավորումների մարտունակության և զորահավաքային պատրաստականության պահպանման նպատակով՝ Ազգային անվտանգության խորհրդի առաջարկով, համաձայն Ուկրաինայի Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի, 106-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 17-րդ, 20-րդ կետերի, հրամայում եմ հայտարարել և իրականացնել համընդհանուր զորահավաք»,- ասվում է հրամանագրում։
Զորահավաքը կիրականացվի Վիննիցայի, Վոլինի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Ժիտոմիրի, Անդրկարպատյան, Զապորոժիեի, Իվանո-Ֆրանկիվսկի, Կիևի, Կիրովոգրադի, Լուգանսկի, Լվովի, Նիկոլաևի, Օդեսայի, Պոլտավայի, Ռիվնեի, Սումիի, Տերնոպոլիսի, Խարկովի, Կիևի, Կիրովոգրադի, Լուգանսկի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի մարզերում, Խմելնիցկի, Չերկասի, Չեռնովցի, Չեռնիգովի շրջաններում, Կիև քաղաքում։
—————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։