Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր կդիմի ժողովրդին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Սա աղետ է մեր մայրցամաքի համար։ Այսօր առավոտյան ես կդիմեմ ժողովրդին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման կապակցությամբ: Ես նաև կխոսեմ G-7-ի առաջնորդների հետ և կոչ կանեմ շուտափույթ ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպումը հրավիրել»,-նշել է նա Twitter-ում։
Ավելի ուշ՝ ժամը 17:00-ին (Մոսկվայի ժամանակով 20:00-ին), նա պետք է հայտարարությամբ հանդես գա խորհրդարանում, հայտնում է օրենսդիր մարմնի կայքը:
Փետրվարի 22-ին Համայնքների պալատի օրենսդիր մարմնում նախորդ նմանատիպ ելույթի ժամանակ Ջոնսոնը հայտարարեց Մոսկվայի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթի մասին՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հետ և խոստացավ ավելի կոշտ սահմանափակումներ կիրառել ռուսական «ներխուժման» դեպքում։
Ավելի ուշ բրիտանական կաբինետի աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Ջոնսոնը ցանկանում է պատժամիջոցների նոր փաթեթը դարձնել «որքան հնարավոր է կոշտ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։