Ազգային գվարդիայի զորքերը Խարկովի մերձակայքում գտնվող շրջանցիկ ճանապարհին ոչնչացրել են ռուսական չորս տանկ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։
«Հակառակորդը կորուստներ է կրում։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Խարկովի շրջանցիկ ճանապարհին այրվել է 4 տանկ։
Ուկրաինացի զինվորականները պաշտպանվում են բոլոր ուղղություններով.
Մի հավատացեք կեղծիքներին, խուճապի մի մատնվեք»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։