Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակին կարգադրել է մտնել Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում անջատականների հսկողության տակ գտնվող տարածքներ, որոնք Մոսկվայի կողմից փետրվարի 21-ի երեկոյան ճանաչվել են որպես ինքնիշխան երկրներ: Պուտինի հրամանով ռուսական զորքը «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում խաղաղություն ապահովելու առաքելություն է կատարելու»:
«Հաշվի առնելով Դոնեցկի ժողովրդական հանրապետության դիմումը՝ պաշտպանության նախարարությանը կարգադրում եմ մինչև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքումը, Ռուսաստանի զինված ուժերի միջոցով խաղաղություն ապահովել Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում», – ասվում է Պուտինի հրամանում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը նմանօրինակ կարգադրություն է ստացել նաև «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում» գործելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել է այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին։
Պուտինը Կիևին է մեղադրել իրավիճակը սրելու մեջ՝ ասելով, որ Ռուսաստանն արել է ամեն ինչ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։