Օրենբուրգում թափառող շների ոհմակը հարձակվել է 13-ամյա աղջկա վրա

Օրենբուրգում թափառող շների ոհմակը հարձակվել է աղջկա վրա՝ մարմնական վնասվածքներ հասցնելով նրան: Հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օրենբուրգի մարզի  Հյուսիսային վարչական շրջանի հետաքննչական բաժանմունքը, հիմք ընդունելով երիտասարդ աղջկա վրա թափառող կենդանիների հարձակման մասին տեղեկությունների նախաքննական ստուգման արդյունքները, հարուցել է քրեական գործ՝ քաղաքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ տնտեսության վարչության պաշտոնատար անձանց անփութության դեպքի առթիվ:

Քննիչների խոսքով՝ խախտելով դաշնային և տարածաշրջանային օրենսդրության դրույթները, Օրենբուրգի վարչակազմի բնակարանային և կոմունալ ծառայությունների բաժնի պաշտոնյաները պատշաճ կերպով չեն կազմակերպել թափառող կենդանիներ բռնելու, տեղափոխելու և պահելու աշխատանքը՝ չնայած քաղաքում անբարենպաստ իրավիճակին:

«Նախնական տվյալներով՝ փետրվարի 12-ին, Օրենբուրգ քաղաքի Բեբել փողոցում թափառող շները հարձակվել են 13-ամյա աղջկա վրա, ինչի հետևանքով նա վիրավորվել է»,- հայտնում է վերահսկիչ մարմինը։

Վերջին շրջանում Ռուսաստանի տարբեր շրջաններում մի քանի անգամ թափառող շների հարձակումներ են եղել մարդկանց վրա, այդ թվում՝ մահացու։

Նշենք, որ հունվարին Անդրբայկալիայի Դոմնա գյուղում շների հարձակման պատճառով մահացել էր յոթամյա երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել