Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն է տվել օրինագծին, որը ներառում է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով AzerTAc գործակալությունը։
Փետրվարի 1-ին այս օրինագիծը հավանության է արժանացել հանրապետության խորհրդարանի կողմից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նույնպես վավերացրել է Շուշիի հռչակագիրը պարունակող օրինագիծը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիան և Ադրբեջանը 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում հռչակագիր են ստորագրել
«Մենք մեկ անգամ ևս ցույց ենք տալիս, որ շարունակելու ենք միասին լինել և ապահովել միմյանց անվտանգությունը: Թուրքիան և Ադրբեջանը կաջակցեն միմյանց։
Հռչակագրում արտացոլված է Զանգեզուրի միջանցքի բացման հարցը: Սա արդյունք է նոր աշխարհաքաղաքական իրավիճակի, որն ի հայտ եկավ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Այսօր մենք խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը երկաթուղային և ճանապարհային ճանապարհով միացնելու է Թուրքիան և Ադրբեջանը, մենք ստեղծում ենք այս միջանցքը գործնական աշխատանքով: Այս հարցի արտացոլումը Դաշինքի համատեղ հռչակագրում մեծ նշանակություն ունի», – ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ ստորագրված համատեղ հռչակագիրը՝ դաշինքի հռչակագիրը, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները բերում է ամենաբարձր մակարդակի:
«Այսօր ստորագրված հռչակագրի անունն է «Շուշիի հռչակագիր դաշնակից հարաբերությունների մասին»: Հռչակագիրը վերաբերում է Կարսի պատմական պայմանագրին: Ստորագրված համատեղ հռչակագիրը սահմանում է մեր հետագա համագործակցության ուղղությունները», – ասաց Իլհամ Ալիևը:
Ալիևը նաև նշել է, որ դա Կարսի նոր պայմանագիրն է։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետության՝ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք և այն որակել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։