«Սա Կարսի նոր պայմանագիրն է»․ Իլհամ Ալիև

«Մենք մեկ անգամ ևս ցույց ենք տալիս, որ շարունակելու ենք միասին լինել և ապահովել միմյանց անվտանգությունը: Թուրքիան և Ադրբեջանը կաջակցեն միմյանց»,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է օկուպացված Շուշիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Հռչակագրում արտացոլված է Զանգեզուրի միջանցքի բացման հարցը: Սա արդյունք է նոր աշխարհաքաղաքական իրավիճակի, որն ի հայտ եկավ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Այսօր մենք խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը երկաթուղային և ճանապարհային ճանապարհով միացնելու է Թուրքիան և Ադրբեջանը, մենք ստեղծում ենք այս միջանցքը գործնական աշխատանքով: Այս հարցի արտացոլումը Դաշինքի համատեղ հռչակագրում մեծ նշանակություն ունի», – ասել է ադրբեջանական պետության ղեկավարը:

Նա նշել է, որ  այսօր ստորագրված համատեղ հռչակագիրը՝ դաշինքի հռչակագիրը, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները բերում է ամենաբարձր մակարդակի:

«Այսօր ստորագրված հռչակագրի անունն է «Շուշիի հռչակագիր դաշնակից հարաբերությունների մասին»: Հռչակագիրը վերաբերում է Կարսի պատմական պայմանագրին: Ստորագրված համատեղ հռչակագիրը սահմանում է մեր հետագա համագործակցության ուղղությունները», – ասաց Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ սա Կարսի նոր պայմանագիրն է։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել