Պարտադիր հաշտարարություն սահմանելը կարող է հաշտարարին վերածել ուղղակի կնիք դնողի. Սիմոն Ֆարմանյան

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ փոփոխություններ են նախատեսվում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Հաշտարարության մասին» օրենքում: Այդ փոփոխություններով նախատեսվում է որոշակի իրավահարաբերությունների վերաբերյալ, ինչպես օրինակ՝ ընտանեկան, աշխատանքային, բանկային և այլն, վեճերով պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանումը:

Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է հաշտարար, փաստաբան Սիմոն Ֆարմանյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել նախատեսվող փոփոխությունների մասին:

Հաշտարարի կարծիքով՝ պարտադիր հաշտարարություն սահմաննելը շատ վիճելի է, քանի որ այն կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունք տալ:

«Պարտադիր հաշտարարության հարցը դեռ կառույցի հիմնադրման ժամանակներից է քննարկվել: Մի տեսանկյունից` պարտադիրը կարող է հաշտարարին վերածել ուղղակի կնիք դնողի, այսինքն մինչև դատարան գնալը ստիպված մարդիկ գան հաշտարարի մոտ, որպեսզի դատարան գնալու այդ պարտադիր փուլը անցնեն: Մյուս տեսանկյունից շատ բան կախված է լինելու հաշտարարների գործունեությունից, թե որքանով իրենք իրենց մասնագիտական դիրքը բարձր կպահեն և դատարան գնալու համար ուղղակի ինչ-որ մի փուլ չեն դառնա: Այսինքն՝ կախված է նրանից, թե հաշտարարները իրենց գործառույթները որքանով կիրականցնեն: Բացի դրանից, այս բարեփոխման իրականացման դեպքում հաշտարարները ստիպված կլինեն նաև իրենց դիմողներին բացատրել, թե ինչ է հաշտարարությունը, և ինչու պետք է քաղաքացիները իրենց ծառայություններից օգտվեն: Կարծում եմ, որ այստեղ հաշտարարների վրա մեծ բեռ է դրվում և սահմանված չէ, թե ինչպես է նախատեսվում այդ բեռը թեթևացնել: Մանավանդ, որ մենք այդքան շատ քանակությամբ և նման որակի հաշտարարներ չունենք ոլորտում:

Ընդհանուր առմամբ գաղափարն ընդունելի է, ի վերջո, առաջին երկիրը չենք, որը ցանկանում է պարտադիր հաշտարարություն սահմանել»,- ասաց նա:

Ռազմավարությամբ նախատեսվում է քայլեր ձեռնարկել հաշտարարության իրականացման ժամանակակից գործիքների ներդրման ուղղությամբ, օրինակ՝ առցանց կամ հեռախոսային հաշտարարություն, դրանց միջոցով սպառողների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև վեճերի լուծումն իրականացնելու համար: Նշվում է, որ նման հարթակի միջոցով վեճերի լուծումը կարող է իրականացվել սեղմ ժամկետում՝ սպառողի համար նվազ ծախսատարությամբ կամ նույնիսկ անվճար՝ հանրային ծառայություններ մատուցող անձի միջոցներով, որը հաշտարարի կարծիքով ողջունելի քայլ է:

«Թեև նման պրակտիկա չունենք, թե ինչպիսի արդյունք կտա հեռավար տարբերակով հաշտարարի աշխատանքը, բայց եթե մյուս ոլորտներում քիչ-քիչ անցում են կատարում առցանց եղանակով աշխատելուն, այս ոլորտում ևս պետք է նման փոփոխություններ լինեն: Կարծում եմ՝ այս տեսանկյունից մենք ռիսկեր չունենք, քանի որ հաշտարարության գործընթացը այնպիսին է, որ կարող է շատ հեշտությամբ (նաև հեռավար կամ առցանց տարբերակով) կատարվել, առավել ևս` աշխատանքի այսպիսի մեծ ծավալների պարագայում»,- նշեց նա:

Անդրադառնալով ոլորտում առակա այն բացերին, որոնք կարգավորման անհրաժեշտություն ունեն, բայց ռազմավարության մեջ ընդգրկված չեն Ֆարմանյանն ասաց. «Բացերի մասին կարող ենք խոսել միայն մեխանիզմի աշխտանքից հետո: Այսինքն՝ մենք դեռևս չաշխատող կամ կիսատ աշխատող մեխանիզմի բացերի մասին չենք կարող խոսել: Կարծում եմ, այս պահին ավելի կարևոր է հաշտարարության մեխանիզմը աշխատեցնելը: Օրինակ՝ այսօր մենք հաշտարարների պատրաստման խնդիր ունենք՝ որակի և քանակի տեսանկյունից: Խնդիր ունենք նաև հաշտարարի գործունեության մասին հանրությանը ծանուցելու տեսանկյունից: Այս մասով իհարկե ահագին աշխատանք է կատարվել, բայց կարծում եմ դրանք բավարար չեն եղել: Ինչ վերաբերվում է օրենսդրական բացերին, իհարկե` կան, բայց դրանք տեսական մակարդակի վրա են, այսինքն՝ դրանցով մենք գործնական խնդիր չենք լուծելու»:

Հարցին, թե արդյո՞ք բավարար է գնահատում ոլորտում կատարվող փոփոխությունները, հաշտարար Սիմոն Ֆարմանյանն ասաց. «Այն առումով, որ ուզում ենք այս բարփոխումների միջոցով խթանել հաշտարարի աշխատանքը, բավարար է, բայց արդյո՞ք մեր հաշտարարները պատրաստ են այս փոփոխություններին: Այսինքն՝ միայն օրենսդրական բացերը լրացնելով և օրենքը գրելով խնդիրը չենք լուծի, պետք է նաև օրենքին համապատասխան մեխանիզմ մշակել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել